Հայ տաքսու վարորդին ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող արաբ հաճախորդը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Փաստինֆոն գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով հայ տաքսու վարորդի կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող իսրայելցի արաբ Ֆադին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Նշենք, որ մեղադրող դատախազը իսրայելցի արաբ տղայի համար նույնքան պատժաչափ էր պահանջել:
Հիշեցնենք, որ Իսրայելցի արաբ, Հայաստանում կրթություն ստացող Ֆադի Հասկիին մեղադրվում է 2014թ. փետրվարի 22-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցի 33 հասցեի մոտակայքում տաքսու վարորդ Արմեն Հովհաննիսյանի հետ վիճաբանելու և դիտավորությամբ ձեռքին եղած ապակյա կոտրած շշով վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին հարվածելու և նրա առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ:
Երևանի Վաղարշյան փողոցից Սայաթ-Նովա պողոտա ամբաստանյալին ու նրա ընկերներին տեղափոխելուց հետո տուժող տաքսու վարորդը դժգոհ է մնացել արաբ հաճախորդի վճարած գումարի չափից՝ 1000 ՀՀ դրամ, և պահանջել է 2000 ՀՀ դրամ:
Ըստ տուժողի՝ գիշերային ժամի համար պահանջված վճարը նորմալ է, սակայն հաճախորդը համաձայն չի եղել դրա հետ:
Վարորդն ու հաճախորդն իրար վրա են շպրտել հազարանոց թղթադրամը, ապա վարորդն իր «կորուստը» հետ նվաճելու նպատակով մեքենայով շրջադարձ է կատարել փողոցի հակառակ կողմում գտնվող հաճախորդի կողմը, որից հետո էլ տեղի է ունեցել վիճաբանություն:
