Դիվերսիոն ներթափանցումն արտառոց էր այնքանով, որ երկու ուղղություններով էր, սակայն հայկական կողմը փորձ ուներ դիմագրավելու
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր shabat.am-ը, լույս դեկտեմբերի 25-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, որոնք անհաջողությամբ են պսակվել, եւ թշնամին ետ է շպրտվել՝ տալով կորուստներ:
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ անցած գիշեր դիվերսիոն ներթափանցումն արտառոց էր այնքանով, որ երկու ուղղություններով է թշնամին ներթափանցել, սակայն հայկական կողմը, այնուամենայնիվ, փորձ ուներ դիմագրավելու նաեւ նման հետախուզադիվերսիոն գործողություններին:
«Մերոնք ոչ միայն կանխել են ներթափանցումը, այլեւ հետ են շպրտել՝ պատճառելով թշնամուն կորուստներ»: Մեր այն հարցին, թե թշնամին հայկական կողմում զոհեր եւ զենք-զինամթերք թողե՞լ է արդյոք, պարոն Բաբայանն ասաց, որ դեռ պարզ չէ, այդ տեղեկություններն ամփոփվում են:
«Գիտեք՝ գիշեր- ցերեկ կանգնած են մեր տղաները եւ հսկում են պետության սահմանները, եւ հետեւաբար ցանկացած այդպիսի դեպք՝ եւ համապատասխան գործողություն կիրականացվի: Տեղյակ ենք՝ այս անգամ էլ թշնամին մարդկային կորուստներ ունի, Պաշտպանության բանակը, փառք Աստծո, վիրավորներ եւ զոհեր չի տվել»,- ասաց պարոն Բաբայանը:
