Մեկը՝ փաստաբան է ներկայացել, մյուսը՝ ԱԱԾ աշխատակից՝ խոստանալով օգնել մորը կալանավայրից ազատել որդուն
Մայրը ցանկացել է ազատազրկման մեջ գտնվող որդուն ազատել, սակայն ստացվել է հակառակը՝ հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում:
Ըստ մեղադրանքի՝ Գոհարը «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող իր որդուն օգնելու և ազատելու նպատակով փաստաբան ներկայացած ոմն Արմինեին տվել է 6500 ԱՄՆ դոլար գումար։
Ազատազրկվածի մայրը «չի հանձնվել» և մեկ այլ անձի միջոցով ևս ցանկացել է հասնել իր նպատակին՝ այս անգամ ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Արմենի միջոցով՝ վերջինս տալով 200 ԱՄՆ դոլար և 30 000 ՀՀ դրամ: ԱԱԾ-ի աշխատակիցը խոստացել է պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով գործը «գլուխ բերել» և ազատազրկվածին հատուկ պատժախցից ազատել:
Մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան ներկայացած Արմինեին, ով համոզել և դրդել է կնոջը պաշտոնատար անձին խոշոր չափերի գումարներ տալ և նրա վստահությունը չարաշահելով՝ մաս-մաս վերցրել է խոշոր չափերի հասնող նշված գումարները և խարդախությամբ հափշտակել: Նա նաև իրավաբանական ծառայություն չի մատուցել կնոջը։
ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Արմենը կնոջից ևս ստացել է գումարները, սակայն նա ևս ոչ մի գործողություն չի կատարել և ազատազրկվածին հատուկ պատժախցից չի ազատել։
Գոհարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1 և 2-րդ մասերով, Արմինեին՝ 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմենին՝ 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:
