Հետախուզվում էին՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խարդախության և ծառերն ապօրինի հատելու մեղադրանքներով
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հայտնաբերվել են հետախուզվողներ:
Այսպես.
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Արամայիս Ղ.-ն, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Արամայիս Ղ.-ն կալանավորված է:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1968 թ. ծնված Գրիգոր Մ.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 30-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Երևան քաղաքի դատախազություն:
Ոստիկանության Դիլիջանի և Սևանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 10.55-ին, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում):
