Երևանում ձերբակալվել է սիրված հեռուստասերիալների դերասանը, ով մահվան ելքով վրաերթից հետո դեպքի վայրից դիմել էր փախուստի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթից հետո Ս. Ղարիբյանը Գ. Հայրապետյանին թողնում է անօգնական և հեռանում դեպքի վայրից: Օրեր անց Գ. Հայրապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահանում է: Փաստի առթիվ դեկտեմբերի 26-ին քննիչի կողմից հարուցվում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի՝ (Ճանապարհային երթևեկության և տրաստպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 2-րդ մասի՝ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, Երևանի քննչական վարչության քննիչները, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի շնորհիվ հայտնաբերվում է Ս. Ղարիբյանն ու նրա վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան: Քիչ առաջ Ս. Ղարիբյանը ձերբակալվեց և տեղափոխվեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
