Հակառակորդը գնդակոծում է սահմանամերձ գյուղերը. կրակոցները դիպել են Բարեկամավանի եկեղեցու պարսպին, տներին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հակառակորդը ամանորյա տոնական օրերին շարունակել է ակտիվություն է դրսևորել:
Հրադադարը խախտվել է ինչպես Արցախի սահմանային գծում, այնպես էլ հակառակորդը շարունակել է գնդակոծել Հայաստանի բնակավայրերը, մասնավորապես՝ կրակահերթեր արձակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հունվարի 7-ի գիշերը հակառակորդի արձակած կրակոցները դիպել են գյուղի եկեղեցու շուրջ կառուցված պարսպին, ինչպես նաև գյուղացիներից մեկի տանը:
Ընտանիքը գտնվում է ՌԴ-ում, և ոչ ոք չի եղել տանը: Գյուղապետը հավելեց, որ տունը փակ է և, հետևաբար, իրենք չեն կարողացել պարզել, թե ինչպիսի գույքային վնասներ է կրել գյուղացին:
Համարժեք պատասխան ստանալուց հետո հակառակորդը հանդարտվել է, և ներկայումս գյուղում վիճակը խաղաղ է:
