Հարբած տղամարդը չի դիմացել «Քրեյզի» գիշերային ակումբի մերկապարուհու հմայքին ու հայտնվել է ոստիկանությունում
«Քրեյզի» գիշերային ակումբի հարբած հաճախորդը նախ սիրահետել է մերկապարուհուն, ապա քաշքշել ու հարվածել: Հարվածների են արժանացել նաև հասարակական կարգի պահպանություն իրականացնողները:
Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Սուրենը, դեռևս նախորդ տարի՝ սեպտեմբերի 19-ին` ժամը 04:00-ի սահմաններում, գտնվելով Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում, հարբած սիրահետել, ապա նաեւ ձեռքերով հպվել է նույն գիշերային ակումբի մերկապարուհիներից մեկին:
Տղամարդը չի հանդարտվել անգամ մերկապարուհու կողմից կատարված սաստող գործողություններից հետո. մերկապարուհուն դուրս է հանել պարահրապարակից և գիշերային ակումբում գտնվող հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ շուրջ 15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տվել:
Բանը հասել է նրան, որ տղամարդը բռնություն է գործադրել մերկապարուհու նկատմամբ և ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս գլխին:
Հարվածներ են ստացել նաև հասարակական կարգի պահպանություն իրականացնող երկու աշխատակիցներ:
Սուրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
