Հայկական կողմը շարունակում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության լիարժեք բացահայտման ուղղությամբ քննությունը
Գյումրիում Ավետիսյանների ընտանքի 6 անդամի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը` կատարված հանցագործության բոլոր հանգամանքների հետազոտման համար՝ վարույթն իրականացնող մարմնի լիազորությունների շրջանակներում։
Ինչ վերաբերում է ռուսների կողմից հարուցված քրեական գործով ձեռնարկվող քննչական գործողություններին, ինչպես նաեւ` Հայաստանում հարուցված քրեական գործը Ռուսաստանին փոխանցելու հավանականությանը, ապա քննչական կոմիտեից հայտնեցին, որ միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական օգնության համագործակցությունն իրականացվում է դատախազության միջոցով։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունը մինչդատական վարույթում իրականացվում է Հայաստանի գլխավոր դատախազության միջոցով եւ տեղյակ չեմ, թե արդյոք Հայաստանի դատախազությունն ստացե՞լ է նշված քրեական գործով իրավական օգնության վերաբերյալ միջնորդություն, թե՝ ոչ»,- «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրում սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, իսկ ամենափոքրիկ ներկայացուցիչը՝ 6 ամսական Սերյոժան, ծանր վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հիմնական կասկածյալը ռուսաստանյան թիվ 102 ռազմական հենակետի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով հայտնաբերվել է թուրքական սահմանի մոտ՝ ռուս սահմանապահների կողմից, եւ վերջիններս հրաժարվել են փոխանցել հայկական կողմին։
