Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան 2016 թվականից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով: Այդ մասին «Интерфакс»-ին հաղորդել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Վերջինս նաև նշել է, որ 2016թ. գարնանը վերջին զորակոչիկները կլքեն Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել է դեռ նախորդ տարի և կապված չէ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:
Նա նաև հիշեցրել է, որ 2014թ. դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազան հավաքագրվում է բացառապես պայմանագրային զինծառայողներով:
Նրա խոսքով՝ օտարերկրյա ռուսական ռազմաբազաներ ուղարկվող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակների ստուգումներ կիրականացվեն ռազմական շրջանների հավաքակետերում:
