Ազատամուտցի տղամարդուն թվացել է, թե մեքենան վարել են իր ուղղությամբ. պարզաբանումները մահվան են հանգեցրել
Տավուշի մարզի Վազաշեն գյուղում տղամարդկանց միջև ծագած վիճաբանությունը հանգուցալուծվել է նրանցից մեկի մահով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ին: Այգեհովիտցի Սամսոն Մելքումյանը Վազաշեն գյուղում վիճաբանության մեջ է մտել նույն գյուղի մի քանի բնակիչների հետ, որի ժամանակ էլ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նախաքննությամբ պարզվում է, որ դեպքի օրը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Աղաբեկ Մելքումյանին թվացել է, թե վազաշենցի Աշոտ Ավետիսյանը «ՆԻՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան վարել է իր ուղղությամբ: Նա զանգահարել է եղբորը՝ Համբարձում Մելքումյանին, և ասել, որ ավտոմեքենան կանգնեցնեն և պարզեն վարորդի ինքնությունը:
Հարցին լուծում տալու համար Սամսոն Մելքումյանը, ով Համբարձում Մելքումյանի և ընկերների հետ ընթրելիս է եղել, անավարտ թողելով ընթրիքը՝ մի քանի այլ տղամարդկանց հետ դուրս է եկել Այգեհովիտ գյուղի սկզբնամաս և փակել ավտոճանապարհը:
Աշոտ Ավետիսյանի կողմից կողնակով շրջանցելու ժամանակ Սամսոն Մելքումյանը կախվել է մեքենայից և կախված վիճակում գնացել մեքենայի հետ, սակայն ընկել է ավտոմեքենայից, իսկ այդ ընթացքում Վլադիմիր Ամիրյանը տեսնելով, որ Սամսոն Մելքումյանը մեքենայից ցած է ընկել, ճանապարհից վերցրել է նրան: Վերջիններս հասնելով գերեզմանատան մոտ՝ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել Աշոտ Ավետիսյանի, Արման Տոնոյանի, Ալեքսան Բուղդարյանի հետ: Ծեծկռտուքի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Ս. Մելքումյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալվել է Արման Տոնոյանը:
