Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված խորհրդարանական հետաձգված լսումները տեղի կունենան հունվարի 22-ին
«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ, հիշյալ լսումները պետք է կայանային հունվարի 20-ին, սակայն, Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքով պայմանավորված՝ հանձնաժողովը որոշեց հետաձգել նախատեսված խորհրդարանական լսումները:
Ինչպես «Փաստինֆո»-ին ավելի վաղ հայտնել էր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, լսումները բաց են: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է, ով, ի դեպ, միակ հրավիրված պաշտոնատար անձն է:
Հ.Սահակյանը հայտնել էր նաև, որ քանի դեռ գործը նախաքննական փուլում է, և ԱԺ-ն առանձնապես տեղեկատվություն չունի, ակնկալում են լսել Գլխավոր դատախազին:
Լսումների կազմակերպման նպատակը ևս մեկ անգամ վերահաստատելն է, որ ԱԺ-ն, որպես ներկայացուցչական մարմին, այս գործը պահում է իր ուշադրության կենտրոնում:
Լսումների ընթացակարգի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը հանդես է գալու 30 րոպե տևողությամբ զեկույցով, որից հետո պատգամավորները կունենան նրան հարցեր ուղղելու հնարավորություն:
