Վանաձորի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու պահանջ` Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու հարցով. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ կապված Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով օրեր առաջ Վանաձորում սկսված ստորագրահավաքի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քաղաքացիական նախաձեռնող խմբի ակտիվիստները Վանաձորում իրականացնել են ստորագրահավաք, որով ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էին պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և թափանցիկ:
Իրականացված ստորագրահավաքի նպատակներից մեկն էր նաև կոչ անել Վանաձոր համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հրավիրել արտահերթ նիստ, հանդես գալ ուղերձով և դիմել ՀՀ գլխավոր դատախազին նման պահանջով:
Ստորագրահավաքի մասնակիցների և կազմակերպիչների պահանջին միացել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և 2015թ. հունվարի 23-ին գրություն է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարան պահանջով՝ հրավիրել արտահերթ նիստ և հանդես գալ ուղերձով»:
