6 անգամ «դատված» «Հարվարդի շրջանավարտ» Արսենը գաղութից կարողացել է աղջիկներին սիրահարեցնել ու փողեր աշխատել
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում 6 անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատիժը կալանավայրում կրելու ժամանակ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս աղջկանից հափշտակել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումար:
Արսեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Արսեն Սիմոնյանը Արմավիրի մարզի բնակիչ է: Դատարանում նա խոսում էր՝ իր խոսքին փորձելով ծանրակշռություն հաղորդել: Ըստ երևույթին՝ այդպես էր խոսել նաև «Օդնոկլասնիկի» կայքով և այլ եղանակներով ծանոթացած աղջիկների հետ ու տպավորություն էր գործել նրանց վրա: Իսկ դատարանում ամբաստանյալն ասաց. «Իմ մոտ ամեն ինչ մի քիչ բարդ ա»:
Վերջին անգամ ամբաստանյալը դատապարտվել է 2010 թվականին: Խարդախությունների ու նախորդ հանցագործության՝ ավազակության համար նա դատապարտվել էր 10 տարի ազատազրկման, իսկ պատժի սկիզբը հաշվվել էր 2009 թվականի դեկտեմբերի 18-ից:
Ներկա գործով կայացված դատավճռում դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը վատառողջ է… իր հայտարարությամբ, այսինքն՝ նրա վատառողջությունը հաստատող փաստաթղթեր դատարան չեն ներկայացվել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
