Մինվոդի քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. պայմանագրային ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվում են հայերը
Հունվարի 26-ին ՌԴ Միներալնիի Վոդիի բնակիչները մտադիր են դիմել քաղաքի իշխանություններին և ոստիկանությանը՝ օրերս քաղաքի սրճարաններից մեկում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ հայազգի երիտասարդների կողմից ազգությամբ ռուս պայմանագրային զինծառայողի սպանության գործի քննության ընթացքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջով:
Ինչպես հայտնում է ռուսական «Кавказский узел»-ը, հունվարի 24-ին քաղաքի բնակիչները նույն պահանջով որոշ ժամանակով փակել էին «Կովկաս» մայրուղին: Չարտոնված ցույցը, որին, ըստ տարբեր աղբյուրների, մասնակցում էին 100-ից 200 մարդ, սկսվել է սպանության վայրից: Բողոքի ցույցին քաղաքի ղեկավարներից որևէ մեկը չի մասնակցել: Բողոքավորներին մոտեցել է միայն քաղաքի ոստիկանապետը և հավաքվածներին հայտնել սպանության մեջ կասկածյալների ձերբակալության մասին:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 21-ի գիշերը Միներալնիի Վոդիի սրճարաններից մեկում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ դանակի հարվածից սպանվել է զինծառայող:
Ոստիկանությունը 10 հոգու, այդ թվում՝ ականատեսների, բերման է ենթարկել: ՆԳՆ-ի տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառ է դարձել կենցաղային հողի վրա ծագած վեճը: Հետագայում ծեծկռտուքի մասնակցի և սպանության մեջ հիմնական կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ևս 6-ը ձերբակալված են: Հունվարի 22-ին հայտարարվել է սպանության մեջ գլխավոր կասկածյալ Միխայիլ Գրիգորյանի ձերբակալության մասին: Հունվարի 23-ին քաղաքային դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է ընդունել:
