Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված հուշագիր է ստորագրվել
ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 2015 թվականի հունվարի 27-ին կնքվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այն ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը:
Հուշագրի շրջանակում կողմերը կարևորել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտական անհրաժեշտ կադրերի պատրաստման կարևորությունը և այլն:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նախարար նշանակվելուց օրեր անց իր ուշադրության կենտրոնում է հայտնվել այդ ընթացքում մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ քրեակատարողական համակարգում բուժանձնակազմի պակաս կա, և քրեակատարողականների բժիշկները ֆիզիկապես չեն հասցնում օգնություն ցուցաբերել բոլորին:
