Պարզվել է Թբիլիսյան խճուղում մոտոցիկլի և Mercedes-ի բախման հետևանքով վիրավոր մոտոցիկլավարի և մյուս վարորդի ինքնությունը.VIDEO
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ մայիսի 16-ին, Երևանում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և Mercedes-ի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԲՌՓ մակնիշի 888 ՏՏ համարանիշի եռանիվ մոտոցիկլը վարել է Երևան քաղաքի Հ. Ներսիսյան փողոցի բնակիչ, 22-ամյա Նորիկ Մեյրոյանը, իսկ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 31-ամյա Մանվել Գրիգորյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 16-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել էին 888 ՏՏ համարանիշի երեքանիվանի մոտոցիկլը և Mercedes մակնիշի 35 DՍ 541 համարանիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել էր, իսկ վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
