Ավտովթար Երևանում. Մանկավարժական համալսարանի դիմաց բախվել են Նիվան ու 08-ը. Նիվան գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում Մանկավարժական համալսարանի մոտ բախվել են 24-ամյա Հենրիկ Մելքոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 15 VR 555 համարանիշի և 22-ամյա Սարո Չոլոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 18 VP 881 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել է:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանն ու տեսուչ Սիմոն Հովհաննիսյանը:
Ժամանել են նաև Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները:
Վթարի հետևանքով 08-ի վարորդը տեղափոխվեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
