Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկի նորակառույց «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը.PHOTO
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը: Անասնապահական այս համալիրը՝ նախատեսված խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար, հիմնադրվել է 2013թ. սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն ընկերությունում ավարտվել են 2014թ. դեկտեմբերին: Համալիրը հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այս նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից պլանավորվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Նորաբաց համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և իր տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Համալիրն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. դրամ:
Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և ընկերության զարգացման ծրագրերին: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում Միության անդամ երկրներում և հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությունում: Գործարանի արտադրական հզորությունը, սակայն, բավարար չէ ամբողջությամբ ապահովելու արտահանման պահանջարկը: Խնդրի լուծման նպատակով ընկերությունը որոշում է կայացրել կառուցելու նոր գործարան և գնելու ժամանակակից շշալցման և փաթեթավորման հոսքագծեր: Ծրագիրն սկսվել է 2015թ.-ի ապրիլին և նախատեսվում է ավարտել 2016թ.-ի առաջին եռամսյակում: Նախագահին ներկայացրել են, որ նոր հոսքագծերը հնարավորություն են տալու գործնականում ամբողջությամբ ավտոմատացնելու արտադրական գործընթացները և զգալիորեն մեծացնելու արտադրական ծավալները:
