Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի որոշումը. ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունվել է
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր վերահաստատել է՝ Բրազիլիայի Սենատն ընդունել է այդ որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ այսօրվա համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին, թե «վերջին օրերին շատ է խոսվում Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված` ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ Բրազիլիայում, ճանաչե՞ց արդյոք Սենատը, թե՝ ոչ»:
«Դրա մասին համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ Բրազիլիայի Սենատի կողմից և դրված է իրենց կայքում։ Կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված որոշումը, որով Սենատի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, սա ևս մեկ կարևոր քայլ է՝ ի նպաստ միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
