Կմեկնարկեն ԱԺ քառօրյա նիստերը. կշարունակվի ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման քննարկումը
Հունիսի 8-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին հերթական լիագումար նիստերը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հունիսի 5-ին կայացած ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկված ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 144 հարց և 41 միջազգային պայմանագիր:
ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց, 7 միջազգային պայմանագիր:
ԱԺ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և առաջիկա ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հունիսի 8-ի նիստում:
Նշենք, որ քառօրայի օրակարգում է նաև մշտական հանձնաժողովների նիստերում նախնական քննարկումներ անցած «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Երկուշաբթի օրը, օրակարգի հաստատումից հետո խորհրդարանը կշարունակի «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդման քննարկումը: Այն նախորդ քառօրյայում մնացել է անավարտ՝ պատգամավորների ելույթների փուլում: Նախապես հերթագրված 11 պատգամավորներից ելույթ են ունեցել երկուսը:
Հիշեցնենք, որ հաղորդման ավարտին, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, որևէ փաստաթուղթ չի ընդունվում. հաղորդումն ընդունվում է ի գիտություն:
