Վարել լավ չիմացող 25-ամյա Նարեկը մեքենայով պատին է սեղմել տատիկին ու նրա 2 թոռներին. 6-ամյա աղջնակը բազմաթիվ վնասվածքներից մահացել է
1in.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ընթանում է Նարեկ Հ.-ի գործի դատական քննությունը:
25-ամյա Նարեկը ճարտարապետ է, սովորում է մագիստրատուրայում, աշխատել է «Յունիթուլզ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ-նախագծող:
2014 թվականի մայիսի 5-ին, ժամը 19-անց 20-ից 19-ն անց 30-ի սահմաններում Նարեկի կողմից Անտառային փողոցում սխալ կայանած, «Յունիթուլզ» ՍՊԸ-ին պատկանող «Ֆոլքսվագեն Քադու» ֆուրգոն տեսակի մեքենան ինքնաբերաբար շարժվել է վայրէջքային թեքում ունեցող փողոցով և առջևի աջ անկյունային մասով վրաերթի է ենթարկել 58-ամյա Վարդանուշ Ս.-ին, նրա 6 և 5 տարեկան թոռնիկներին:
Վարորդը վրաերթի պահին մեքենայում չի եղել, մեքենայի մոտերքում էլ չի եղել: Մեքենայի դռները փակ են եղել: Նարեկը վրաերթ կատարած մեքենային մոտեցել է մեծ ուշացումով…
Տուժողները բնակվել են մոտակա շենքերից մեկում: Տատիկն ու թոռները դուրս էին եկել զբոսանքի: Երբ նրանք գտնվել են Անտառային փողոցում, սկզբում «Ֆոլքսվագենը» նրանց տեսադաշտում չի եղել: Երբ տատիկը նկատել է մեքենան, տեսել է, որ մեքենան առաջ է ընթանում, երեխաների հետ սեղմվել է պատին, որ մեքենային ճանապարհ տա:
Բավական ուշ է տատիկը նկատել, որ մեքենայի մեջ… վարորդ չկա: Բայց այդ պահին արդեն նա երեխաների հետ փախչելու ճանապարհ չի ունեցել: Մեքենան արագություն հավաքելով եկել է ուղիղ նրանց վրա, վրաերթի է ենթարկել ու սեղմվել պատին՝ այդպիսով փակելով նաև տուժողներին ազատելու ճանապարհը:
Տատիկը գոռացել է, օգնություն է կանչել:
Մոտակայքում գտնվողները, րոպեներ անց՝ երեխաների հայրը, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան, ում տան մոտ էր կատարվել վրաերթը, ջանքեր են գործադրել մեքենան հեռացնելու, տուժողներին փրկելու համար:
Դատարանում հրապարակվեց վկաներից մեկի ցուցմունքը, ով ներկա էր եղել տուժողներին փրկելու ջանքերին: Նա նկարագրել էր, որ ոչ մի կերպ չէին կարողանում բացել ֆուրգոնի փակ դռները: Երեխաների հայրը ջարդել է մեքենայի պատուհանը, բայց դրանից հետո էլ մեքենան պատից հեռացրել են մեծ դժվարությամբ, մի խումբ տղամարդիկ հրել են այն ու տեղաշարժել-հեռացրել պատից:
մանրամասները` սկզբնաղբյուրում
