Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում. Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը և մեջտեղից կիսվել, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VՏ 992 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ առաջ ընթացել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի հարևանությամբ գործող «Ավտո էկոնոմ գազ» ընկերության աշխատակիցները, ովքեր վիրավորներից մեկին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժինների ՊՊԾ աշխատակիցները, ինչպես նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
մանրամասները` shamshyan.com-ում:
