Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը պահանջում է սեփականության վերադարձ, այլ ոչ թե ֆինանսական փոխհատուցում
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն իր պաշտոնական կայքում տարածել է հաղորդագրություն, որը պարզաբանում է վերջերս Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված պահանջատիրական հայցի բուն էությունը:
Ինչպես նշում է asbarez.com-ը, հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիսում (այժմ` Ղոզան) գտնվող պատմական կաթողիկոսարանը հետ վերադարձնելու վերաբերյալ հայցը չի կարող բավարարվել` ստանալով ֆինանսական փոխհատուցում:
«Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: Տվյալ պահանջը հնարավոր չէ բավարարել ֆինասական փոխհատուցում տրամադրելու ճանապարհով: Հայցի էությունը անշարժ գույքի վերադարձն է, այլ ոչ թե դրա դիմաց փոխհատուցում ստանալը:
Հայց ներկայացնելու վերաբերյալ որոշման հինական դրդապատճառն այն է, թե Հայ եկեղեցու ու ազգի համար Սիսի կաթողիկոսարանն ինչպիսի ահռելի կրոնական ու պատմական նշանակություն ունի: Տվյալ հայցը հիմնված է 2 իրավական սյան վրա`կաթողիկոսարանը տվյալ անշարժ գույքի նկատմամբ ունի սեփականատիրական ու կրոնական իրավունքներ: Չնայած, որ ըստ թուրքական օրենքների՝ սեփականատիրոջ իրավունքի վերականգնումը կարող է առաջ քաշել փոխհատուցման հարցեր, ապա կրոնական իրավունքի վերականգնումը միանգամայն այլ հարց է: Այն կարելի է լուծել բացառապես սեփականությունը վերադարձնելու, այն վերակառուցելու ու որպես ուխտատեղի օգտագործելու ճանապարհով: Սա բանակցելուն ոչ ենթակա պահանջ է, որից հետ չենք կանգնելու` անկախ ամեն ինչից»,- նշվում է հայտարարության մեջ:
Դրանում ասվում է նաև, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից բավարարող վճիռ չստանալու դեպքում կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
