Ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը «Բեկոն»-ի մոտ դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-07:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վաչագան Ավոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ «Բեկոն» մսամթերքների կոմբինատի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 10 մետր կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Հարություն Տանանյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մինչ կժամաներ Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչույուն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ուղևորը, ով քնած է եղել, ու երբ արթնացել է, ձեռքը տարել է դեպի ղեկը, ինչից հետո ինքը խառնվել է իրար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
