Ուղևորին դանակահարելու մեջ մեղադրվող տաքսիստի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով արդարացնել իր պաշպանյալին
Փաստինֆոն գրում է. Ուղևորի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար 3,5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 22-ամյա տաքսիստ Արմանի պաշտպանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում:
Ամբաստանյալի պաշտպան Հովիկ Արսենյանը վերաքննիչ դատարանից պահանջել է կատարված արարքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական և նշանակել դրան համարժեք պատիժ, իսկ իր պաշտպանյալի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի նախատեսված հանցակազմ գտնելու դեպքում՝ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Նշենք, որ մեղադրողը միջնորդել էր Արմանին դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Արմանը 2014 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 19:00 սահմաններում, Էրեբունի փողոցի 14 հասցեի մոտակայքում տաքսու ուղեվարձը չվճարելու կապակցությամբ վիճաբանել է ուղևոր Ա.Մուրադյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Ա.Մուրադյանին և որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, 12-րդ կողի, լյարդի, հետորովայնամզային տարածության վնասման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Արմանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
