81-ամյա պապիկին հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել. նա դուրս է գրվել եւ նույն օրը մահացել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է 81-ամյա տղամարդու մահը։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 18-ին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ, որտեղ հայտնաբերել է տարեց մարդու դի:
Քննությամբ պարզվել է, որ մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի Ռ.Խաչատրյանն է, ում դիահերձմամբ հայտնաբերվել են կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Նախաքննությամբ պարզվել են Ռ.Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները. ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նա դրանք ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Այսպես՝ Ռ.Խաչատրյանը 2015 թվականի հունվարի 18-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղբայրության և Չեխով փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղի մոտ վայր է ընկել ասֆալտապատ ճանապարհին և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել բժշկական կենտրոն։
11.06.2015թ. ստացված հանձնաժողովային փորձաքննության թիվ 61/հձ եզրակացության համաձայն` շտապօգնության աշխատակիցների, մասնավորապես՝ բժշկի կողմից ցուցաբերած բուժօգնության ժամանակ խախտումներ և բացթողումներ թույլ չեն տրվել. ախտորոշվել է «աջ ազդոսկրի վզիկի կոտրվածք» և կայացվել ճիշտ որոշում` հիվանդը տեղափոխվել է բազմապրոֆիլային հիվանդանոց: Սակայն բժշկական կենտրոնում նրան չեն պահել դինամիկ հսկողության տակ։
Քննությամբ պարզվել է, որ «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունք ընդունվելուց հետո կատարվել է Ռ.Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ ռենտգենոլոգի կողմից չեն հայտնաբերվել կոնքի ոսկրերի կոտրվածքները, ու հիվանդը դուրս է գրվել, թեև չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել։
Քրեական գործով նշանակված հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ եթե հիվանդը գտնվեր հիվանդանոցում, կատարվեին գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ապա հնարավոր կլիներ հայտնաբերել կոնքոսկրերի կոտրվածքների և հետորովայնամզային տարածության արյունահավաքի առկայությունները:
Կատարված ռենտգեն նկարները որակապես եղել են թերի (կատարվել են հիվանդի հարկադրական դիրքի պայմաններում), որոնցում կոտրվածքների առկայությունը որոշելը, մասնագիտական տեսանկյունից, դասվում է դժվար տարբերակների շարքին: Նման ռենտգեն արդյունքների առկայության դեպքում բժիշկ վնասվածքաբանը հիվանդին պետք է պահեր դինամիկ հսկողության տակ և ախտորոշումը ճշտելուց հետո ուղարկեր ստացիոնար բուժման:
