Կալանավոր «ախպերների» ազատության մեջ սկսած բիզնեսը ավարտվեց նրանցից մեկի կողմից մյուսի դաժան ու «ստուգողական» սպանությամբ
1in.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Տարոն Գալուստովի գործի դատական քննությունը:
23-ամյա Տարոն Գալուստովը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը՝ Լևոն Բունիաթյանը, Տարոնի տարեկիցն է եղել: Նրանք, ըստ մեղադրանքի, միմյանց ճանաչել են նույն կալանավայրում գտնվելու ժամանակից: Ազատություն դուրս գալով՝ շարունակել են շփվել: Զբաղվել են ոսկե զարդերի հետ կապված գործարքներով: Տարոն Գալուստովը ենթադրել է, թե Լևոնը խաբել է իրեն:
2014 թվականի հոկտեմբերի 11-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Տարոնն ու Լևոնը նստել են Արթուր Ե.-ի կողմից որպես տաքսի վարած «Օպել Աստրա» մեքենան:
Տարոնը նստել է մեքենայի հետևի նստատեղին, Լևոնը՝ վարորդի կողքին:
Քաղաքի կենտրոնից գնացել են Զեյթուն: Երբ հասել են Պարույր Սևակի փողոցում գտնվող դպրոցի մոտ, պարտքուպահանջի հետ կապված խնդրի պատճառով Տարոն Գալուստովը անսպասելիորեն ատրճանակով կրակել է առջևում նստած Լևոնի ձախ քունքի շրջանին ու սպանել է նրան:
Այնուհետև ահաբեկված վարորդից պահանջել է մեքենան վարել Քանաքեռի զորամասի մոտով անցնող երկաթգծի մոտ: Այնտեղ Տարոնը Լևոնի մարմինը հանել, գցել է երկաթգծի մոտ, ստուգողական կրակոց է արձակել տուժածի ծոծրակին ու նույն տաքսիով հեռացել է:
Վաղ առավոտյան դիակը հայտնաբերել են զորամասում աշխատողներն ու ծառայողները, ահազանգել են ոստիկանություն:
Մեղադրող Չախոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալ Տարոն Գալուստովն ասաց, թե առաջադրված մեղադրանքի վերաբերյալ առայժմ դիրքորոշում հայտնել չի կարող, դիրքորոշում կհայտնի ցուցմունք տալու ժամանակ:
Գալուստովը նախկինում՝ 2008 թվականին դատվել է կողոպուտի համար: Նա ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը. կհարցաքննվեն վկաները, տուժողի իրավահաջորդը՝ սպանված Լևոնի քեռին, կհետազոտվեն գործում առկա ապացույցները, ապա կհարցաքննվի ամբաստանյալ Տարոն Գալուստովը:
Գործով վկաների մեծ մասը ներկայացել էր դատարան:
Առաջին վկան Խոսրով Ք.-ն էր: Նա առաջինն էր տեսել երկաթգծի մոտ ընկած դիակը: Վկան ասաց, թե աշխատել է «Ստալիչնի չաստում»: Առավոտյան ժամը 7-ն անց 30-ին ավտոբուսով գնացել է աշխատանքի, Աղբյուր Սերոբի փողոցում իջել է, զորամասին մոտենալիս՝ գնացքի գծից երկու մետր հեռավորության վրա, տեսել է, որ մահացած մարդ է ընկած:
մանրամասները` սկզբնաղբյուրում
