Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում, բախվել են «Ֆորդ-Տրանզիտ»-ը ու 06-ը, կա 2 զոհ, 3 վիրավոր (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Այսօր՝ հունիսի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 29 ՕՍ 519 համարանիշի եւ ՎԱԶ 2106 մակնիշի 25 ՏԼ 315 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով երկու վարորդները տեղում մահացել են, իսկ երեք հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց: Բախման հետեւանքով 06-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի եւ հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի եւ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Քաղաքացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննչական խումբը քննիչ Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
