Հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի, զոռբայության, այլ իմաստնության մեջ, որ գերտերությունների տխմարությունները հաղթահարենք եւ անցնենք առաջ. ՀՀ ոստիկանապետի հորդորը՝ անփորձ երիտասարդներին
Մեք փոքրաքանակ ազգ ենք եւ մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի, զոռբայության, այլ իմաստնության մեջ: Գերտերություններն իրենց շահերը ունենալով հանդերձ՝ իրենց կարող են թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրերի հետ, բայց մենք իմաստնությամբ պետք է գերտերությունների տխմարությունները հաղթահարենք եւ անցնենք առաջ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտա այցելելով՝ հոգեւորականների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: «Հայաստանը փոքր երկիր է եւ սրա ու նրա խելքին պետք է չընկնենք: Էստեղ տարաձայնությունները ժխտողականությամբ չեն լուծվում, սա մի ճանապարհ է՝ ոչ մի տեղ»,-նկատեց ոստիկանապետը: Նա նաեւ նշեց, որ երիտասարդները, փորձ չունենալով, ղեկավարվում են միայն ժխտողականությամբ: «Երբ ժխտողականությամբ ես առաջնորդվում, երկխոսությունը փակում ես: Դա արդեն ոչ թե խելամտության, այլ հակառակի արդյունք է: Երբ դու ի սկզբանե ասում ես ոչ, խոսելու թեմա չկա»,- ավելացրեց Վ. Գասպարյանը եւ հերթական անգամ իմաստնության կոչ արեց:
