Ես կոչ եմ անում Հայաստանցիներիս, որոնք ընտրության շեմին են, մի լքեք Ձեր տունը, մի օտարացրեք ձեր երեխաներին իրենց հայրենիքից
Հարգարժան ի՛մ հայրենակիցներ
Ընդամենը 23 տարի առաջ մենք ազգովի որոշեցինք , որ ուզում ենք ինքնուրույն տնօրինել մեր կյանքը, մեր երեխաների ապագան: 23 տարին պատմության համար մեկ ակնթարթ է, բայց մեր ժողովրդի համար ոգևորության և հիասթափության, ձեռքբերումների և մեծ կորուստների, մարտական հաղթանակների և բարոյահոգեբանական անկումների տարիներ էին: Ոմանք չդիմացան և որոշեցին հեռվից՝ «տաք» երկրներից, հետևել, խորհուրդներ տալ Հայաստանում ապրող «հերոսներին», մյուսներն ընկճվեցին և շարունակեցին լուռ ու մունջ, գլուխը կախ ենթարկվել «նոր», անհասկանալի ճանապարհներով հարստացած և պաշտոններ ձեռք բերած մարդկանց, իսկ ոմանք էլ որոշեցին պայքարել այն բանի համար, որ իրենց երեխաները ունենան բարեկեցիկ ապագա անկախ Հայաստանում: Ես հարգում եմ յուրաքանչյուրի ընտրությունը, բայց ամեն դեպքում խնդրում եմ իմ հայրենակիցներին իրենց հնարավորությունների սահմաններում նպաստել Հայաստան պետության կայացմանը, զարգացմանը և հպարտությամբ ասել՝ ես հայ եմ և ունեմ պետություն:
Ես կոչ եմ անում Հայաստանցիներիս, որոնք ընտրության շեմին են, մի լքեք Ձեր տունը, մի օտարացրեք ձեր երեխաներին իրենց հայրենիքից: Ասում են տանը պատերն էլ են օգնում: Ու՞մ եք թողնում Ձեր հողը: Արդյո՞ք մի փոքր ավելի բարեկեցությունը բավական պատճառ է դառնալ գաղթական, քանի որ ինչքան էլ դուք լավ ապրեք ուրիշի հողի վրա միևնույնն է հյուր եք նրանց համար:
Աստված թող Ձեզ հաջողության տա, որտեղ էլ լինեք, բայց Հայաստանը մի մոռացեք՜՜՜
ՀՀ քաղաքացի, «Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյան
