Անչափահաս տղային հետապնդած «Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատերեր Մարտիրոսյան եղբայրները կալանավորվեցին
«Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատերեր Մարտիրոսյան եղբայրներին` Հրանտին, Աշոտին եւ Հրաչյային, ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել մահակներով խուլիգանություն կատարելու համար եւ երեկ ուշ երեկոյան դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը` նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը:
Նկատենք, որ կալանքից խուսափելու համար եղբայրներից մեկն անգամ հայտարարել էր, թե ինքնազգացողությունը վատ է եւ տեղափոխվել հիվանդանոց: Այդուհանդերձ գործը քննող Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նրան եւս միջնորդել էր կալանավորել, ինչը բավարարվեց: Մարտիրոսյանները կալանքի տակ կմնան երկու ամիս:
Հիշեցնենք, հուլիսի 9-ին, Սիլիկյան թաղամասում «Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատեր հայր և որդի Մարտիրոսյանները յուրովի դատաստան էին տեսել հարևաններից մեկի հետ այն բանի համար, որ նա «հանդգնել էր» նկատողություն անել կրտսեր Մարտիրոսյանին՝ մեքենան արագ վարելու համար: «Հանդուգն» հարևանին պատժելու և իր տեղը ցույց տալու համար կրտսեր Մարտիրոսյանը հոր ու հորեղբայրների հետ գնացել է Մելքոնյանների տուն: Տանտերը տանը չի եղել, և չափահաս տղամարդիկ հարձակվել են նոր վիրահատված, վատառողջ տանտիրուհու՝Մարինա Ավետիսյանի վրա, հարվածել նրա որովայնին, ապա մահակով հարվածել վերջինիս անչափահաս որդու կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։
Անչափահաս տղան ավտոմեքենայով փորձել է դիմել փախուստի, ում հետապնդել են, կանգնեցրել ավտոմեքենան և մահակներով սկսել ջարդել այն: Բարեբախտաբար տղային հաջողվել էր թաքնվել:
Կառլեն Մարտիրոսյանին եւս ձերբակալելու որոշում է կայացվել:
