Ո՞վ էր հայազգի օրենքով գող Արմեն Կանևսկին. ինչո՞ւ բախվեցին Կանեւսկու եւ Ալիկ Սոչինսկու շահերը...VIDEO
Կրիմինալի հետքերով...
2010 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղի) գերեզմանատանը տեղի ունեցավ միջազգային կրիմինալ աշխարհի «հեղինակություններից» մեկի` Արմեն Հարությունյանի հուղարկավորությունը: Նա ավելի շատ հայտնի էր Արմեն Կանևսկի անունով:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` իրենց «գործընկերոջը» վերջին հրաժեշտը տալու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) կրիմինալ աշխարհի շատ ներկայացուցիչներ, սական գերեզմանատանը ներկա էին միայն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի թոռը և «օրենքով գող» Կամո Սաֆարյանը: Ամեն դեպքում հուղարկավորությանը ներկա շատ ու շատ մարդիկ այդ օրը Հայաստանում գտնվող մի քանի «օրենքով» հայ գողերից ու հեղինակություններից բացի ուրիշ ծանոթ մարդկանց տեսնել չէին կարող: Առավել ևս, որ հուղարկավորությանը, ըստ ավանդույթի և արարողակարգի, ակնդետ հետևում էին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Սա բնական է, և այս արարողակարգը հատուկ է բոլոր երկրների իրավապահներին:
Կրիմինալ աշխարհում կարևորագույն հարցերը լուծվում են գողական հավաքների` «սխոդկաների» ժամանակ, որոնք կազմակերպվում են հանցագործ աշխարհում «հեղինակություն ու երևելի» համարվող մարդու ծննդյան տարեդարձի, հուղարկավորության և մահվան տարելիցի ժամանակ: Այս մասին շատ լավ գիտեն նաև իրավապահները. նրանք փորձում են վերահսկել այդ հավաքները, անհրաժեշտության դեպքում նաև ձերբակալություններ են կատարում: Հատկապես հուղարկավորությունների ժամանակ ներկա են լինում նաև այնպիսի մարդիկ, պետական այնպիսի աստիճանավորներ, որոնց մասնակցության մասին երևակայել անգամ հնարավոր չէ: Այսպես եղավ նաև Արմեն Հարությունյանի` Կանևսկու պարագայում: Հայաստանյան մամուլն սկսեց անչափ եռանդուն, կարելի է ասել չափից ավելի «եռանդուն» աշխատել:
Ով էր Արմեն Հարությունյանը...
Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում, 1970 թվականին: 1997 թվականին նրան շնորհվում է «օրենքով գողի» կոչում: Այս բարձրագույն տիտղոսը նրան շնորհել է խորհրդային և ետխորհրդային շրջանի կրիմինալ աշխարհի հսկաներից մեկը` Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Կրասնոդարում գումարված գողական հավաքի ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանել են «օրենքով գողեր» Չիչխենն ու Վոլչոկը (ազգությամբ թաթար և ռուս այս հեղինակությունները Հարությունյանին տեսել ու փորձել էին ամենածայրահեղ իրավիճակներում): Այդ ժամանակ Հայաստանից հեռացած Արմեն Հարությունյանը ոչ միայն մասնակցել էր առանձին արկածախնդրությունների, այլև արդեն մականուններ ուներ` “Пухлый” («Թմբլիկ», «Փափլիկ») և «Կանևսկոյ»: Առաջին մականվան բացատրությունը կապված է նրա իրոք թմբլիկության հետ, իսկ երկրորդը ստացել է Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասի Կոնևսկոյ շրջկենտրոնում գրանցված լինելու համար: Այս հսկա երկրամասում Դեդ Հասանը և կրիմինալ աշխարհի մյուս հեղինակությունները Արմենին նշանակել էին Կուբանի գյուղատնտեսական տարածքները «նայող»: «Գողական այս պաշտոնը» ստանձնած Պուխլին հետևում էր, որ գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները ժամանակին ու կարգապահ ձևով իրենց եկամուտներից հարկ մուծեին գողական դրամարկղին` «օբշչակին»:
Արմենը աստիճանաբար հետաքրքրություններ ձևավորեց նավթային բիզնեսում (անշուշտ նավթամթերք ձեռք բերելու և վերավաճառելու իմաստով): Այս տարիներին այս բիզնեսում մեծ կարողություններ կուտակեցին հայերը, ովքեր հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ պաշարների սակավությունը` հազարավոր տոննաներով նավթամթերք էին ձեռք բերում Ռուսաստանի հարավային տարածքներում, հատկապես առավել ազատ գործող Կրասնոդարի երկրամասում, և բերում էին Հայաստան: Հասկանալի է, որ այս ներկրողները զգալի եկամուտներ ունեին: Դժգոհ չէին նաև Արմեն Կանևսկին ու նրա գործընկերները Կրասնոդարում: Հասկանալի է, որ Արմեն Հարությունյանն ու նրա ընկերները չէին հրաժարվում կրիմինալ աշխարհում մեծ տարածում գտած ավանդական գործելաոճից` շորթում, մարդկանց առևանգում, զինամթերքի վաճառք, ֆինանսական խաբեություն, թալան, գողություն:
Իհարկե, չէին կարող չբախվել Արմեն Կանևսկու և այլ հեղինակությունների շահերը: Ամենախոշոր բախումը, որքան էլ ցավալի է, տեղի ունեցավ մեր երկու հայրենակիցների` Արմեն Հարությունյանի և Ալիկ Մինալյանի` Ալիկ Սոչինսկու միջև: Ի՞նչ ունեին կիսելու այս երկու հայերը, որ չկարողացան կիսել:
Հիշեցնենք, որ Ալիկ Մինալյանը «թագադրվել է» 2000 թվականին, ամենաազդեցիկ գողեր Դեդ Հասանի և Զախարի Քալաշովի` Շաքրո-կրտսեր հովանավորությամբ (երկուսն էլ` կովկասցի): Մինալյանի «կնքահայրը» քրեական աշխարհում մեծ հարգանք վայելող վրացի «օրենքով գող» (այժմ` հանգուցյալ) Դաթիկո Ցիխելաշվիլին էր` Դաթո Տաշկենտսկին: Թագադրումից անմիջապես հետո Մինալյանը մեկնում է Հայաստան` մասնակցելու գողական հավաքին, որի ժամանակ «օրենքով գող» Արմոն թագազրկվում է: Ալիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իր մահից կարճ ժամանակ առաջ հենց ինքն է հայտնվելու խեղճուկրակ Արմոյի վիճակում:
Մինալյանի մշտական բնակության վայրը Սոչիի Խոստաժի շրջանն էր: Նա Ռուսաստանի հարավի ամենահեղինակավոր և հարուստ գողերից էր: Ալիկը Կրասնոդարում գլխավորում էր տնտեսական և ունեցվածքային ուղղվածության ծանր ու առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու մեջ մասնագիտացված հանցագործ մի խումբ: Ռուս իրավապահների ձեռքի տակ եղած տվյալով` Ալիկ Մինալյանը վերահսկում էր Սոչիում և Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափի հարակից շրջանների առևտրական մի շարք օբյեկտներ, նաև Տուապսե քաղաքի նավահանգստի մի մասը: Իսկ իր մահից քիչ առաջ Մինալյանը փորձում էր «քրեական հսկողություն» իրականացնել Կրասնոդարի երկրամասի ուղղիչ-աշխատանքային հաստատությունների, այսինքն` բանտարգելության վայրերի նկատմամբ:
Ասում են, որ Մինալյանի ավագ «գործընկերները» նրա հետ մեծ հույսեր էին կապում և նրան նախապատրաստում էին հայ «օրենքով գողերին» ու գողական դրամարկղը` «օբշչակը» հսկողի դերի համար: Սակայն նրա ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Բարեկեցությունը և անկախ, երբեմն` ամբարտավան բնավորությունը նրան վերջնականապես հանեցին «գործընկերների» դեմ: Ասում են, որ 2007 թվականի մարտին Կրասնոդար մուտք գործելու ժամանակ Մինալյանի ձերբակալությունը տեղի է ունեցել տեղի «օրենքով գողերի» օգնությամբ, և ազատությունն Ալիկի համար մի կլորիկ գումար է արժեցել: Հասկանալով, որ իր դեմ պատերազմ է հայտարարված` Մինալյանը որոշել է հակառակորդի դեմ պայքարել ձեռներեցի` բիզնեսմենի իր բնույթին ավելի բնորոշ միջոցով, այսինքն` նրանց տնտեսական հիմքերը քայքայելով: Գաղտնիք չէ, որ կրասնոդարցի շատ «օրենքով գողերի» եկամտի հիմնական աղբյուրը թմրանյութերի տարածումն է և դրա վերահսկողությունը: Ալիկ Մինալյանը մեծ պատերազմ հայտարարեց` փակելով մատակարարումների աղբյուրները:
Շարունակելի...
Տաթեւիկ Աբրահամյան
