Ողջունելի է Գլխավոր դատախազի որոշումը՝ կարճելու ilur.am կայքի գլխավոր խմբագրի դեմ հարուցված քրեական գործը
Միանշանակ ողջունելի է Գլխավոր դատախազի որոշումը՝ կարճելու ilur.am կայքէջի գլխավոր խմբագրի դեմ հարուցված քրեական գործը: Ողջունելի է նաև նրա նախաձեռնությունը՝ հատուկ քննարկում կազմակերպելու ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի, հայաստանյան զանգվածային լրատվության միջոցների, ոլորտի հեղինակավոր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ հասկանալու, թե, ելնելով միջազգային օրենսդրությունից ու պրակտիկայից, ինչպես է հնարավոր արդյունավետորեն հավասարակշռել խոսքի ազատության՝ տվյալ պարագայում լրատվության միջոցի կողմից սեփական աղբյուրների չբացահայտման իրավունքը և հանրության այլ կենսական շահերի պաշտպանությունը: Հուսով եմ, որ աշնանային քննարկումները կօգնեն գտնելու հավասարակշռության աշխատող ու փոխադարձ ընդունելի բանաձևեր:
Իմ պատկերացմամբ, չնայած միջազգային կոնվենցիաներով ու նախադեպային դատական որոշումներով ընձեռնված հնարավորություններին, հայաստանյան ներկա իրողություններում, երբ ժողովրդավարությունը դեռ իր կայացման ու հասունացման ճանապարհին է, որտեղ խոսքի ու մամուլի ազատությունը առանցքային նշանակություն ունի, ճիշտ կլինի այնպիսի պրակտիկայի կիրառումը, երբ ԶԼՄ-ներին տեղեկատվության աղբյուրը բացահայելու դատական պարտադրանք ներկայացվի բացառապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է բացառապես ծանր հանցագործությունների կանխման կամ բացահայման մասին, օրինակ ահաբեկչության կամ համարժեք այլ ծանր հանցագործությունների կանխարգելում ու բացահայտում:
Իրավակիրառ պրակտիկայի ձևավորման ու ամրապնդման այս փուլում գլխավոր դատախազի որոշումը կարևոր քայլ էր, իսկ տվյալ գործի կարճումը՝ լայնախոհ որոշում, հանուն ապագայում նման իրավիճակների համարժեք հանրային ընկալման ու սատարման:
