1-2 րոպեում Մհերը աղջկա թևից քաշելով փորձել է մեքենա նստեցնել, կռվել է աղջկա բարեկամների հետ ու դանակահարել անչափահաս երեխայի
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մհեր Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
21-ամյա Մհերին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով այն բանի համար, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակում Վահագն Ի.-ի ու նրա անչափահաս որդու՝ 1997 թվականի փետրվարի 8-ին ծնված Արեգի հետ չնչին առիթից՝ վերջիններիս բարեկամուհի Ալլային (անունը փոխված է) փողոցում անհանգստացնելու հետ կապված խոսակցության ընթացքում «սանձարձակ ու անպարկեշտ արտահայտություններ է արել Վահագն Ի.-ի հասցեին, Արեգի ներկայությամբ հրահրել է քաշքշուկ, խուլիգանական դրդումներով ծանր վնասվածք հասցնելու դիտավորությամբ հարձակվել է Արեգի վրա, իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ձախ գոտկային շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ հասցրել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ու որովայնի խոռոչներ թափանցող, ստոծանու և ստամոքսի վնասմամբ, գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով: Դանակի հարվածներից հետո Մհեր Հարությունյանը դիմել է փախուստի:
Դատարանում Մհերն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ դանակով ինքն է հարվածել Արեգին:
Դեպքի օրը, ժամը 21-22-ի սահմաններում ինքը հանդիպել է ընկերոջը՝ Արմենին, իրար հետ գարեջուր են խմել, այնուհետև տեսել են անցնող աղջիկներին՝ Ալլային ու Մերիին (անունը փոխված է):
Ինքը մեքենայի միջից Ալլային ինչ-որ արտահայտություն է արել՝ խի՞ ես նայում, հետո իջել է մեքենայից, Ալլայի հետ զրուցել է: Այնուհետև մոտ 300 մետր քայլելով իջել է ներքև: Մերին այդ ժամանակ քայլել է իրենցից առաջ:
Ալլան նրան ձայն է տվել, որ հետ գա, բայց նա հետ չի եկել ու գնացել է, իսկ ինքը Ալլայի հետ մնացել է մոտ տասը րոպե: Ալլան ասել է, թե գալիս են բարեկամները՝ Վահագնն ու Արեգը, ինքը նրան ասել է, որ կարող է գնալ:
Արեգի ու նրա հայրիկի հետ մեկ կամ երկու րոպե խոսակցություն է եղել: Արեգը հարվածել է իրեն, ինքը հարվածել է Արեգին:
Ինքն Ալլային չի հարվածել, ձեռքով չի հպվել նրա թիկունքին, միայն մի պահ բռնել է ձեռքից, նրան չի ցավեցրել:
Երբ Ալլան ցանկացել է տալ իր հեռախոսահամարը, եկել են Վահագնն ու Արեգը: Նրանք Մերիի հայրն ու եղբայրն են՝ իրեն Ալլան է ասել:
Բակում գոռոց, աղմուկ, հայհոյանք իր կամ նրանց կողմից չի եղել: Դեպքը տևել է մեկ կամ երկու րոպե: Չի կարող ասել՝ բակում իրենցից բացի մարդ եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև մութ էր:
Դեպքի ժամանակ ինքն էլ է վնասվածք ստացել՝ ձախ աչքի տակը պատռված է եղել: Ինքը բժշկի չի դիմել: Ինքը մտածել է, թե քարով են խփել…
Արեգին ինքը երկու անգամ է հարվածել: Առաջին անգամ խփել է, երբ նա մոտեցել է իրեն, որ խփի, իսկ երկրորդ անգամ մտածել է, որ նա նորից ուզում է մոտենալ ու խփել, դրա համար է հարվածել:
Իր ձեռքի դանակի լեզվակը բացված վիճակում եղել է մոտ 10-12 սմ: Դեպքից հետո դանակը գցել է ճանապարհին:
Բանակում ծառայելու ժամանակ դանակը միշտ մոտն է եղել: Այդ օրն էլ ինքը դանակով գարեջուր է բացել:
Վահագնի հետ խոսակցության ժամանակ ինքն Արեգին է ասել. «Գրիզիտ մի արա», քանի որ նա անընդհատ խոսակցությունն ընդհատել է:
Աղջիկներին, Վահագնին ու Արեգին ճանաչել է հենց դեպքի օրը: Դրանից առաջ նրանց չի ճանաչել:
Աղջիկներին հանդիպել է ժամը 22-ի սահմաններում: Ինքը միայն Ալլայի ձեռքն է բռնել:
Ինքը տուժողների ու վկաների հետ թշնամություն չի ունեցել, չի կարող ասել, թե նրանք ինչու են նման ցուցմունքներ տալիս:
Երբ մեքենայից իջել է, դանակն իր ձեռքին է եղել: Ալլան նայել է դանակին, ինքը նրանից ներողություն է խնդրել, ծալել է դանակն ու դրել է գրպանը, այդքան բան է եղել:
Չի կարող ասել՝ Մերին ինչու է գնացել դեպի իրենց տուն, իսկ Ալլան մնացել է: Չի կարող ասել, թե ինչու են Վահագնն ու Արեգն իջել բակ:
Մանրամասն` 1in.am
