Փողերի լվացում, օֆշորային գործարքներ. «Նաիրիտի» կաուչուկի փողերը հոսել են հայ և ռուս պաշտոնյաների գրպանները
Hetq.am-ը գրում է .
«Նաիրիտը» իր աշխատողներին չի կարողանում աշխատավարձ վճարել, որովհետեւ գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ համաձայնության գալով, կաուչուկը էժան գնով ձեռք էր բերում գործարանից ու կրկնակի, երբեմն նաեւ եռակի գնով վերավաճառում: Վահան Մելքոնյանի` օֆշորում հիմնադրած «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն տարբեր տարիներին ձեռք է բերել 10 հազար տոննա կաուչուկ: Վահան Մելքոնյանը գործարանից կաուչուկը ձեռք է բերել տոննան 2400 դոլարով, վաճառել՝ 4100-7800 դոլարով: Նա այս գործարքից առնվազն 25 մլն դոլար է աշխատել, թե դրանից հայ եւ ռուս պաշտոնյաներին որքա՞ն է վճարել, կարող է ասել միայն ինքը` Վահան Մելքոնյանը: Իսկ ինչպես է վճարել Վահան Մելքոնյանը՝ կանխի՞կ, թե՞ այդ պաշտոնյաների՝ օֆշորում բացած բանկային հաշիվներին փոխանցումներով:
Պաշտոնյաները ոչ միայն մսխել են «Նաիրիտ գործարանը» աշխատեցնելու համար ստացած վարկերը, այլեւ ամեն ինչ արել են, որպեսզի գործարանը չաշխատի: «Նաիրիտի» արտադրած կաուչուկը մեծ պահանջարկ ուներ Ռուսաստանում, նախկին սոցճամբարի երկրներում, Միացյալ Նահանգներում եւ այլուր: Հիմա այդ շուկան գրավել է գերմանական հայտնի մի ընկերություն: Իսկ գուցե հայ պաշտոնյաների վերջնանպատակը հենց դա՞ է եղել: Ոչ մի կառավարություն իր արտադրած ապրանքի իրացման շուկան հենց այնպես չի հանձնում ինչ-որ ընկերության:
Ինչպես է իրացվել կաուչուկը
«Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան այժմյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը հրաժարվել է պատասխանել «Հետքի» հարցերին: Հեռախոսազրույցի ընթացքում նրան ասացինք, որ հարցերը վերաբերում են ոչ միայն «Նաիրիտ գործարանին», այլեւ իր անվամբ օֆշորում գրանցված ընկերություններին: Վ. Մելքոնյանն ասաց, որ իր անձի մասին մենք որևէ ինֆորմացիա ունենալ չենք կարող և վստահորեն շեշտեց. «Ես օֆշորներում գրանցված ընկերություններ չունեմ»: Մինչ այդ ընկերություններին անդրադառնալը ներկայացնենք եւս մեկ դրվագ «Նաիրիտ գործարանի» սնանկացման պատմությունից:
Մանրամասն` այստեղ