Ոստիկանությունը որոնում է Սյունիքի մարզում 4 հոգու մահվան պատճառ դարձած Mercedes-ի վարորդին, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի. Shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հետախուզում է հայտարարվել Կապան քաղաքի բնակիչ 36-ամյա Ալեն Ռոբերտի Հովհաննիսյանի նկատմամբ (Shamshyan.com):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Կապան քաղաքի Դավիթ Բեկի 7-րդ շենքի 36 բնակարանում և կասկածվում է հուլիսի 23-ին Սյունիքի մարզում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարի մեջ, որի ժամանակ Mercedes-ով բախվել էր Opel մակնիշի ավտոմեքենային և 4 հոգի մահացել էին: Վթարի վայրից Ա. Հովհաննիսյանը դիմել էր փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչը դիմել է նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպեսզի դատարանը հաստատի նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը: Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և երբ նրան հայտնաբերեն նա վերցվելու է կալանքի: Գ.Շամշյանի տեղեկություններով Ա. Հովհաննիսյանը քրեական հարուստ անցյալ ունի, 3 անգամ դատապարտվել է Ռուսաստանում 1 անգամ էլ Հայաստանում: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել էին Mercedes մակնիշի 34 NV 942 համարանիշի և Opel մակնիշի 33 ԼV 852 համարանիշի ավտոմեքենաները:
