Նոր սահմանադրությունը քաղաքական ուժերին հնարավորություն կտա կառավարման համակարգում իրենց տեղն ունենալ. Մկրտիչ Մինասյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ սահմանադրական բարեփոխումները կնպաստեն երկրի առավել արդյունավետ գործելու հնարավորությանը, քաղաքական դաշտի առավել կայացմանը։
Ըստ նրա՝ 25 տարիների ընթացքում ՀՀ-ն անցնում է տարբեր փուլերով, որի ընթացքում ունենում է հաջողություններ ու թացթողումներ։ Հենց բացթողումները շտկելու համար էլ կարիք կա անցնել կառավարման խորհրդարանական ձևին։
«Անցել ենք նախագահական ու կիսանախագահական փուլով, բայց աշխարհում գոյություն ունի նաև երրորդ կառավարման տեսակը՝ խորհրդարանականը։ Իսկ կարիք կա՞ անցնելու այս ձևին։ Կարծում եմ՝ կա, որովհետև բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը հնարավորություն են ստանում կառավարման համակարգում իրենց տեղն ունենալ»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ կբարելավվի ոչ միայն տնտեսությունը, այլ նաև հոգևոր, մշակութային կյանքում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն։
Դիտարկմանը, թե շատ քաղաքական գործիչները մտավախություն են տեսնում, որ Սահմանադրության փոփոխմամբ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը վերածվելու է Կոմունիստական կուսակցության և միայնակ կառավարելու է երկիրը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Որևէ եզր չկա, չի էլ կարող լինել։ Կոմունիստական կուսակցությունը ոչ մի առնչություն չունի մեր կյանքի ու քաղաքական իրավիճակի հետ»։
