23-ամյա Ջուլիետայի հարազատները պնդում են, թե աղջիկը մանկուց սրտի արատ չի ունեցել, եւ որ դիմելու են դատախազություն. GALA
ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնում մահացած գյումրեցի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանի հարազատներն այցելել են իրենց հեռուստաընկերություն:
Ըստ լրատվամիջոցի՝ երբ 25 շաբաթական հղի Ջուլիետայի առողջական վիճակը վատացել է, Գյումրու ծննդատնից նրա հարազատներին խորհուրդ են տվել ծննդկանին տեղափոխել Երեւան: Սկզբում դիմել են հանրապետական հիվանդանոց, այնուհետ Ջուլիետային տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չհաջողվեց փրկել թե փոքրիկի եւ թե Ջուլիետայի կյանքը:
Կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հղի կինը մահացել է սրտի արատից:
Ջուլիետայի հարազատները, սակայն, չեն ընդունում այն պնդումները, թե աղջիկը սրտի արատ է ունեցել դեռ մանկուց, եւ այդ մասին Ջուլիետայի ծնողներն ու հարազատները տեղյակ են եղել:
Նրա մորեղբայրը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ եթե նման խնդիր լիներ, ապա գոնե նրա պոլիկլինիկական բժշկական փաստաթղթում նշված կլիներ, որ աղջիկն ինչ-որ առողջական խնդիրներ ունի. «Սկսենք այն բանից, որ Ջուլիետային ծանր վիճակով այստեղից ոչ թե շտապ օգնությունով են տեղափոխել, այլ տվել են ծնողներին, ասել են՝ տարեք ծննդատնից, հիմա էլ ներկայացնում են, թե Ջուլիետան մանկուց սրտի հիվանդություն է ունեցել, ուրեմն ի՞նչ փաստեր ունեն, որ նման բաներ են հայտարարում: Կամ եթե սրտի արատ ունի, բժիշկն ինչո՞ւ տեղյակ չի պահում, ծնողը պետք է բժշկից իմանա, չէ՞, որ իր երեխան հիվանդություն ունի, կամ եթե տեղյակ է պահում, որ ձեր երեխան էսինչ հիվանդությունն ունի, նաեւ այդ մասին պետք է գրի անկետայում: Իսկ անկետայի մեջ չկա նման բան, ու ինչ-որ մեկը կանգնում հայտարարում է, որ ծնողներն իմացել են, բայց այնքան էգոիստ են, որ ամուսնացրել են իրենց երեխային»,- նշեց Ջուլիետայի քեռին՝ Ցոլակ Պետրոսյանը:
մանրամասն՝ այստեղ:
