Հրամանատարի անփութության պատճառով կրակել են ականազերծող զինվորների վրա. մեկը սպանվել է, մյուսը՝ ծանր վիրավորվել
1-in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:
25-ամյա Գևորգը հետախուզական դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 19-ին Գևորգը, նշանակված լինելով որպես մարտական դիրքի ավագ, նախապես տեղյակ լինելով, որ դիրքի առաջնագծի խրամուղին երկարացնելու համար համապատասխան զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ, դրսևորել է անփույթ վերաբերմունք, խախտել է համապատասխան հրամանի պահանջները՝ ինժեներական աշխատանքներ կատարող զինծառայողներին անձամբ չի ուղեկցել առաջնագիծ և, չտիրապետելով առաջնագծում առկա իրավիճակին, ժամը 23-ին դիտորդի պարտականություններ ստանձնող զինծառայողներին՝ շարքային Հ. Խաչատրյանին ու կրտսեր սերժանտ Ա. Միքայելյանին իրենց պարտականությունների և ծառայության իրականացման կարգի մասին լիարժեք չի հրահանգավորել:
Դրա հետևանքով շուրջ 10 րոպե անց Խաչատրյանն ու Միքայելյանը նկատել են կռացած դիրքով ինչ-որ առարկա ձեռքին առաջնագծի խրամուղի մտնող մարդու կերպարանք, որը հանդիսացել է ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Ս. Զաքարյանը՝ ականջակալներով, ականորսիչը ձեռքին:
Դիտորդներն իրենց կողմից հնչեցված նշանաբառին պատասխան չլսելուց հետո ենթադրելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է մոտեցել, իրենց ամրակցված զենքերից կրակահերթ են արձակել այդ կերպարանքի ուղղությամբ…
Արդյունքում տվյալ պահին ականազերծման աշխատանքներ կատարող շարքային Ա. Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել է, իսկ կապիտան Վ. Զաքարյանը ոտքերի շրջանում ստացել է միջին ծանրության վնասվածքներ:
Գևորգ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով:
մանրամասն՝այստեղ:
