Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող տաքսամատորային պարկում. ժամանել է 6 մարտական հաշվարկ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող նախկին տաքսամատորային պարկի տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները հրդեհի վայր են ժամանել 6 մարտական հաշվարկով, իսկ հետո նրանց օգնել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները` ժամանելով 3 ջրցան ավտոմեքենաներով: Հրդեհը բռնկվել է նշված պարկի պահեստում, ինչի հետևանքով այրվել են շինարարական իրեր և 3 ավտոմեքենա: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է: Փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` տաքսամատորային պարկը պատկանում է Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
