Շումախերական վթար Երևանում. Mitsubishi Pajero-ի վարորդը Արշակունյաց պողոտայում 3 մեքենաներին ողջագուրվելուց հետո կողաշրջվել է մայթին
Այսօր` օգոստոսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Գասպարյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 FP 211 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 QT 085 համարանիշի, Mercedes մակնիշի 80 ԼD 080 համարանիշի և Opel մակնիշի 20 ՍԼ 294 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mitsubishi Pajero-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության 1-03 ծառայության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բժշկական օգնություն ցուցաբերեցին վարորդին, որից հետո վարորդը հրաժարվեց հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իր ինքնազգացողությունը լավ է և վթարի հետևանքով վնասվածքներ չունի: Փաստի առթիվ դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան դարձի բերելուց հետո հրշեջ-փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի վայրում հավաքված բնակիչները փառք էին տալիս, որ քաղաքացիներ չեն տուժել, այն դեպքում, երբ նշված փողոցը միշտ մարդաշատ է լինում:
