Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. որդին հայտնաբերել է հոր դին. մահացածը բենզալցակայանի սեփականատեր էր
Օգոստոսի 31-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները ավագ քննիչ Վիգեն Մարտոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև դատական բժիշկը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, իսկ նրան հայտնաբերել է որդին Վահագը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Դ. Դավթյանը իրենց գյուղում ունի սեփական բենզալցակայան: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը վրաերթ է, սպանություն, դժբախտ պատահար, թե հանկարծամահություն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
