Միևնույն տան մեջ երկու կին ունեցող Սամվելը այնպես է ծեծել նրանցից մեկին, որ վնասել է ողնաշարն ու պատռել է փայծաղը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի վարույթում է Սամվել Գրիգորյանի գործի քննությունը:
42-ամյա Սամվել Գրիգորյանը մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Սամվելը վարձակալած բնակարանում վիճաբանել է իր հետ մտերիմ կապի մեջ գտնվող Նելլի Պ.-ի (անունը փոխված է) հետ:
Վիճաբանության ընթացքում Սամվելը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Նելլիի մարմնի տարբեր մասերին, դիտավորությամբ նրան պատճառել է ծանր վնասվածքներ՝ ողնաշարային վնասվածք, գոտկային 2-րդ ողի առաջնային եզրի չբարդացված կոտրվածք, 3-րդ ողի լայնաձիգ ելունի կոտրվածք, կրծքային 3-րդ ողի փուշելունի կոտրվածք, որովայնի փակ, բութ վնասվածք, փայծաղի պատռվածք՝ ուղեկցված ներքին արյունահոսությամբ ու հեմոռագիկ շոկով:
Նշված բնակարանում Սամվելը բնակվել է միանգամից երկու կանանց ՝ Նելլիի ու ևս մի մտերմուհու՝ Սվետայի հետ:
Ըստ տուժող Նելլիի՝ ամեն բանում մեղավոր եղել ու մնում է Սվետան, ով չի մեղադրվել իր կատարածի համար:
Մինչև դատական նիստի սկսվելը Նելլին ասաց, թե ինքը դիմել է պատկան շատ մարմինների՝ իր նկատմամբ կատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ՝ բռնաբարություն, կողոպուտ, իրեն նույնիսկ ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել…
Բայց իր դիմումները անարդյունք են մնացել, քրեական գործեր չեն հարուցվել, մեղավորները մնում են անպատիժ: Իրեն սպառնում ու ահաբեկում են՝ ո՛չ ամբաստանյալը, բայց՝ նրա կողմնակիցները: Գալիս են իր աշխատավայր, ինքը, քանի որ ամուսինը մահացել է, ստիպված է այժմ հավաքարարություն անել…
Մանրամասները՝1in.am-ում
