Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները սպառնում են տոննաներով կուտակված վարունգը որպես «ընծա» նվիրել գյուղնախարարին, քանի որ նախարարը խաբել է իրենց
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ողջ գյուղի բնակիչները, հավատալով գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոստումներին, իրենց ցանքատարածություններում աճեցրել են վարունգ, սոխ, լոբի, ծաղկակաղամբ և այլ գյուղմթերքներ: Գյուղի բնակիչների մեծ մասը այդ աշխատանքները կատարել է բանկերից վարկով գումար վերցնելով՝ մտածելով, որ ստացված բերքը կվաճառեն և վարկերը կմարեն և մի քանի կոպեկով էլ կհոգան իրենց սոցիալական խնդիրները: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հավատացինք գյուղնախարարի խոսքերին, բայց ստացվեց, որ նրա խոսքը օդ ա: Արդեն տևական ժամանակ է՝ մթերքը տեղափոխում ենք շուկաներ՝ վաճառելու, չի վաճառվում: Կան նաև մի քանի պահածոների գործարանների տերեր, որ, երբ ապրանքը տանում ենք, չեն ընդունում առանց որևէ բացատրության: Ո՞վ չգիտի, որ գյուղնախարարի ընտանիքն էլ ունի սեփական գործարան: Էնտեղ էլ ենք տանում, դուռը շխկացնում են մեր վրա:
Տոննաներով ապրանքը փչանում է: Եթե Հայաստանում չեն ընդունում էդ ապրանքը, գոնե բյուրոկրատական քաշքշուկը վերացնեն հայ-վրացական սահմանին, մենք էլ մեր ուժերով կարտահանենք Վրաստան: Բայց էս դեպքում էլ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն են վարում. գլուխները մտցրել են ավազի մեջ. Եթե այս 2 օրվա ընթացքում այդ հարցը չլուծվի, ոչինչ չունենք կորցնելու: Տոննաներով ապրանքը տանելու ենք Երևան, գյուղնախարարության առջև թափենք, թող նախարարը հատ-հատ հաշվի, թե քանի վարունգ իրեն ընծա բերեցինք»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գուղացիները նաև ասում էին, որ գյուղապրանքների վաճառքից ոչ միայն վարկերը պետք է փակեին, այլև իրենց ուսանող երեխաների ուսման վարձը. «Հիմա, եթե ապրանքը չընդունեն, մենք ո՞նց ենք էրեխեքի վարձերը մուծելու, հետո էլ ասում են, թե՝ մի՛ արտագաղթեք, ջահելները թող մնան, ստեղ սովորեն, բայց սենց որ մնա, գյուղերը կդատարկվեն»:
մանրամասն՝shamshyan.com-ում:
