Կուրթանում կրքեր չեն դադարում. «որ րոպեին փորձի գյուղ ոտք դնել, հաշվեք վարկյանական արյունահեղությունը պատրաստ է»
Լոռու մարզի Կուրթան գյուղում սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի հորը, թեեւ ձերբակալելուց հետո 72 ժամ անց ազատ են արձակել, սակայն Կուրթանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին Fnews. am-ի հետ զրույցում ասաց Կուրթանի գյուղապետ, սպանվածի հարազատ Մհեր Գեւորգյանը:
-Չեք պատկերացնի՝ ինչքան մռայլ ու տխուր վիճակ է գյուղում, իսկ Վարդանենց ընտանիքում էդ ողբերգության ցավը ամեն օր նոր երանգ է ստանում: Հայրը չգիտի, իրեն որ տեղով տա, որ չտեսնի էդ մարդասպանի տունը, որն ամեն անգամ նրան հիշեցնելու է որդու կորուստը:
- Իսկ մեղադրյալի հայրը դեպքից հետո երբեւէ չի՞ փորձել գյուղ գալ:
- Չէ, դա անհնար է, չնայած տղան է մարդասպանը, բայց հայրը տղայից ավելին է, նա է հրահրել տղային: Սեյրանի հայրը, որ րոպեին փորձի գյուղ ոտք դնել, հաշվեք վարկյանական արյունահեղությունը պատրաստ է:
Նշենք, որ սպանված Վարդան Գեւորգյանի հայրը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել, քանի որ կոտրել է որդու սպանության մեջ մեղադրվողի տան պատուհանները, նրան նաեւ կասկածում են սպանության մեջ մեղադրվողի տունը հրդեհելու մեջ:
Ավելի վաղ, հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:
Տաթեւիկ Աբրահամյան
