Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. փրկարարներն ու ոստիկանները մահացածի դին և վիրավորին հայտնաբերել են Թասի ոլորաններում
Այսօր` սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 03 ՏՍ 397 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Մեղրի ավտոճանապարհին` Թասի ոլորաններում` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մ գլորվելով` հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գորիսի բնակիչ, 60-ամյա Յուրիկ Անդրեյանը տեղում մահացել է, իսկ նրա համաքաղաքացի, 62-ամյա Գագիկ Բարխուդարյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Գորիսի շտապօգնության աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տարածքային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մահացածին և վիրավորին հայտնաբերել են մեքենայից դուրս: Ըստ տեղեկությունների` շրջվելու հետևանքով նրանք դուրս են շպրտվել ավտոմեքենայից: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու Գորիսի բաժնի փորձաքրեագետը:
