Ընկերոջ կնոջը սպանել է 4000 դոլար պարտքը վերադարձնելու պահանջի պատճառով. ուշագրավ փաստեր են աղավաղվել
Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց անցյալ տարվա մայիսին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում տուժող կողմի բացակայության պայմաններում դատարանում հարցաքննվել էր փորձագետ Էլդա Գրինը, ով կարծիք էր հայտնել որ ամբաստանյալ Սերգեյ Գրիգորյանը սպանության ժամանակ եղել է աֆեկտի վիճակում: Փորձագետի հարցաքննությունից հետո Սերգեյ Գրիգորյանի պաշտպանը միջնորդել էր նշանակել լրացուցիչ փորձաքննություն` հիմնավորելով նրանով, որ եզրակացությունը և փորձագետի ցուցմունքն իրար չեն համապատասխանում:
Այսօր դատարանում սպանված կնոջ՝ Վարդուհի Գրիգորյանի ամուսինը՝ գործով տուժողի իրավահաջորդ Գրիգոր Լավչյանը, դատավորից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են առանց իրենց ներկայության նիստ անցկացրել և նման կարևորագույն հարցերը փորձագետին տվել առանց իրենց ներկայության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հեկտոր Սարդարյանն էլ միջնորդեց բացարկ հայտնել փորձագետին, իսկ նույն փորձաքննությունը բավարարելու դեպքում` դրա կատարումը հանձնաժողովին հանձնել և փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրել:
«Անհասկանալի է, թե ի՞նչ աղբյուներից է հոգեբան-փորձագետն արձանագրել իր եզրակացության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններն այն մասին, թե իբր տուժող Վարդուհի Գրիգորյանը, պահանջելով 10000 ԱՄՆ դոլար և մերժում ստանալով, Սերգեյ Գրիգորյանին ահաբեկել է, որ գումարը չստանալու դեպքում բոլորին կասի իրենց կապի մասին: Հայտնի է, որ քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում նման կապերի մասին տեղեկություններ ամբաստանյալը երբևէ չի հայտնել՝ հետևողականորեն ժխտելով դրանց գոյությունը: Պետք չէ հոգեբանության բնագավառի մասնագետ լինել` հասկանալու համար, որ փորձագետ-հոգեբանը, գոյություն չունեցող տվյալը մտցնելով իր եզրակացության մեջ, ցանկացել է ստեղծել հոգեկան խիստ հուզմունքի վիճակի (աֆեկտ) նկարագիր»,- նշեց Սարդարյանը:
մանրամասները՝yerkir.am-ում
