Ողբերգական դեպք Արարատի մարզում. փրկարարներին հաջողվել է ձկնորսներից մեկին փրկել, իսկ մյուսի դին դուրս բերել արհեստական լճակից
Այսօր` հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում արհեստական լճակում մի քաղաքացի ջրահեղձ է եղել, իսկ մյուսի կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվ է գործել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ:
Փրկարարներից Մայիս Հովակիմյանը Սիփանիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Հարություն Սարգսյանի հետ միասին մեծ դժվարությամբ կարողացել են նշված հատվածից դուրս բերել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Սերգեյ Ավետիսյանին, ում Մասիսի շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով` տեղափոխեց Մասիսի հիվանդանոց: Քիչ առաջ փրկարարները ջրից դուրս բերեցին ջրահեղձվածի դին, ով, ըստ տեղեկությունների` Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ էր: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են նաև Volkswagen Vento մակնիշի 33 ՍP 149 համարանիշի ավտոմեքենան, որը փրկվածինն էր: Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբը` Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
մանրամասները՝shamshyan.com-ում:
