Մենք հաշվի առել ենք, մենք պատրաստ ենք լինելու ամեն ինչի, մենք գնալու ենք եւ մասնակցելու ենք ընտրություններին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց կուսակցություն ստեղծելու իր մտադրությունը։ տեղեկացրեց նաեւ, որ իշխանափոխության չի ձգտում, այլ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հրավիրած իր ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հաշվի է առել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փորձը, նրա հետ կատարվածը, Աբրահամյանն ասաց՝ այո.«Իհարկե, իրա փորձը մենք հաշվի առնում ենք: Բայց Գագիկ Ծառուկյանի կատարած որոշումն իր որոշումն է: Մենք հաշվի առել ենք, մենք պատրաստ ենք լինելու ամեն ինչի, մենք գնալու ենք եւ մասնակցելու ենք ընտրություններին»: Աբրահամյանը նշեց, որ իր կուսակցություն ստեղծելու ծրագրերը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ. «Սերժ Սարգսյանն ինձ շատ հանգիստ, շատ նորմալ ասաց, որ եթե դուք ունեք ծրագրեր ու կարող եք այս երկրին օգտակար լինել ասաց՝ ինչու չէ, ստեղծեք, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»։
