Ինձ պաչեց ու լացեց․ Գաղութի ընկերը գերեզմանոցի «օբեկտի» մոտ կրակել է ընկերոջը և հուզված տարել է հիվանդանոց
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվեց Շիրակ Ավետիսյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված Շիրակ Ավետիսյանը «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում ծանոթացել և ընկերություն է արել նույնպես մի քանի անգամ դատապարտված Ստեփան Ամիրշադյանի հետ:
Նրանք իրենց ընկերությունը շարունակել են նաև ազատություն դուրս գալուց հետո: Եվ, ըստ մեղադրանքի, սովորություն են ունեցել միմյանց հետ խոսել հայհոյանքներով ու այլ վիրավորական խոսքերով:
Բայց Ստեփանի հայհոյանքները ինչ-որ մի պահի դուր չեն եկել Շիրակին, զայրացրել են:
2014 թվականի դեկտեմբերի 11-ին նա հեռախոսով պայմանավորվել է Ստեփանի հետ, որ հանդիպեն ու պարզաբանողական խոսակցություն ունենան:
Հանդիպել, գնացել են Երևանի Հաղթանակ թաղամասի գերեզմանատուն: «Սուրբ Աստվածածին» մատուռի մոտ նրանց խոսակցությունը վիճաբանության է վերաճել: Եվ Շիրակը, հանելով իր մոտ եղած, գործով չհայտնաբերված ատրճանակը, կրակել է Ստեփանի ուղղությամբ՝ պատճառելով որովայնի միջանցիկ վերք՝ մեծ ճարպոնի և սիգմայաձև աղու վնասումով:
Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ Շիրակը շարունակել է կրակել Ստեփանի ուղղությամբ այնքան, մինչև փամփուշտները վերջացել են: Եվ իր կամքից անկախ՝ նա Ստեփանին սպանելու դիտավորությունը ավարտին չի հասցրել:
38-ամյա Շիրակ Ավետիսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:
Լսելով մեղադրողի հրապարակած մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ անհանգիստ, կլորիկ, թմբլիկ, ոտքերի ցավից գանգատվող Շիրակ Ավետիսյանն ասաց. «Ի՞նչ կյանքից զրկել, չկա տենց բան… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում կյանքից զրկելու փորձի համար… Իրար քաշքշել ենք, պատահական կրակոց ա էղել: Քննիչը վրես սարքել ա, կյանքից զրկելու ոչ մի նպատակ չի էղել… Զենք էլ չի էղել: Ո՞ւր ա զենքը, քննի՛չ ջան, բեր, զենքը չկա՜, տենց բան… Բայց զենքի մասով ինչ-որ տեղ ինձ մեղավոր ճանաչում եմ, մենակ էդ հոդվածով…»:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ և որոշեց սկզբում հարցաքննել տուժող Ստեփանին, ով տեղում հանգիստ չէր նստում, մղվում էր ամբիոնի մոտ՝ իր ցուցմունքը տալու:
37-ամյա Ստեփանը նույնպես նախկինում մի քանի անգամ դատվել է, ամուսնացած չէ, ապրում է մայրիկի հետ: Վերջին անգամ նա դատապարտվել է գողության համար՝ 2011թվականին. «Ամունիստով ազատվել եմ»:
Անցնելով գործի հանգամանքներին՝ տուժողն ասաց. «Ես սաղ գիտեմ գործի վերաբերյալ…»:
Տուժողը հայտնեց, թե Շիրակին ճանաչում է 1994 թվականից՝ ծանոթացել ու մտերմացել են կալանավայրում պատիժ կրելու ընթացքում: «Մինչև առէսօրս էլ մենք մտերիմ ենք… Մեղավորը ես եմ էղել, ասի՝ դավադիտ անեմ Շիրակին…»:
Տուժողն ասաց, թե քննիչն իրենից ցուցմունք է վերցրել վիրահատությունից երկու օր հետո, երբ ինքը «մշուշի մեջ է եղել»՝ դեղերի ազդեցության տակ: «Ես ընձի հիմա վատ եմ զգում, որ ընկերս նստած ա, փոքր էրեխա ունի…»:
Դեպքի օրը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Շիրակը, նախապես իրեն հեռախոսով զգուշացնելով, տաքսիով եկել է իրենց բակ: Ինքը ուտելիք է պատրաստել, Շիրակին հրավիրել է ներս, որ իրար հետ մի կտոր բան ուտեն: Բայց Շիրակն առաջարկել է գնալ, դրսում խոսել:
Նստել են նույն տաքսին, որով եկել էր Շիրակը, ուղևորվել են դեպի Հաղթանակի գերեզմանատուն, որի հեռավորությունը տուժողի տանից «մինիմալ» էր:
Տուժողը նշեց, թե իրենք հենց գերեզմանատուն չէին գնում, գերեզմանատան մոտ մի «օբեկտ» կա, որտեղ իրենք ամիսը մի երեք անգամ հաց են ուտում: Ահա, ցանկացել են այդտեղ նստել, հաց ուտել ու զրուցել: Շիրակը տաքսին ուղարկել է, մնացել են երկուսով, բայց «օբեկտ» մտնելուց առաջ որոշել են քայլելով մի քիչ զրուցել: Քայլել են դեպի գերեզմանատուն, հասել են մատուռին:
Տուժողն ասաց, թե ինքը նախորդ գիշեր «Կամուրջ» «օբեկտում» լավ խմել էր, գիշերն էլ չէր քնել, «մշուշի մեջ էր», իսկ Շիրակը լուրջ էր:
Մանրամասները՝1in.am-ում
